Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Կոտայքի թեմի Ակունք գյուղում կատարվեց Սբ. Կարապետ եկեղեցուն կից կառուցված հոգևոր մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումը կատարեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Բացմանը ներկա էր կենտրոնի բարերար, ծնունդով Ակունքից, ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, պաշտպանության փոխնախարար պ-րն Հայկազ Բաղմանյանը, պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, բազմաթիվ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա էր ողջ Ակունք համայնքը, հարակից գյուղերի համայնքապետերը և գյուղերի բնակիչները: Առավոտյան ժամը 11-ին մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ,որի պատարագիչն էր Տեր Մինաս աբեղա Հախվերդյանը: Բացումից հետո հոգևոր մշակութային կենտրոնում գեղեցիկ միջոցառում ցուցադրեցին Ակունք գյուղի Սբ. Ներսես կիրակնօրյա դպրոցի սաները՝ <<Քրիստոնեության ընդունումը 301 թվականին>> խորագրով: Այնուհետև իրենց ելույթով հանդես եկավ <<Մասունք>> ազգագրական երգի պարի համույթը: Այսուհետ հոգևոր-մշակութային կենտրոնում գործելու են Ակունքի կիրակնօրյա դպրոցը, հոգևոր երգչախումբը, դաշնամուրի, նկարչության, ասեղնագործության խմբակներ : Միջոցառումը եզրափակեց Առաքել Սրբազանը իր օրհնության խոսքով:
|